Շատերը կարծում են, թե քրիստոնեական հավատքը հանգիստ և անխռով կյանքի խոստում է։
Կարծում են՝ եթե Աստծուն հավատան, պետք է զերծ մնան ցավից, հալածանքից, հոգսերից։ Բայց ճշմարտությունը բոլորովին այլ է։ Քրիստոս հենց սկզբից հստակ ասում է. «Եթե Ինձ հալածեցին, ձեզ էլ պիտի հալածեն» (Հովհ. 15:20)։
Իսկ Պողոս առաքյալն ավելացնում է. «Բոլոր նրանք, ովքեր ուզում են աստվածավախությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, պիտի հալածվեն» (Բ Տիմ. 3:12)։
Քրիստոնեությունը ոչ թե փախուստ է աշխարհի դժվարություններից, այլ նոր տեսողություն է՝ այդ դժվարությունների մեջ։
Չի խոստանում անհոգություն, այլ տալիս է ներհոգի խաղաղություն՝ այս աշխարհի փոթորիկների մեջ։
Երբ հավատքն ընկալվում է որպես կենսաձև, այլ ոչ միայն կրոնական պատկանելություն, քրիստոնյան սկսում է աշխարհն ընկալել այլ աչքերով։ Նա չարիքի մեջ էլ տեսնում է հոգու փորձության ու աճի հնարավորություն։ Նա հասկանում է, որ խաչը կյանքի անբաժան մասն է՝ ոչ թե պատիժ, այլ սրբության ճանապարհ։
Այս մի առակը գեղեցիկ պատկեր է տալիս դրա մասին։
Ասում են՝ մի անգամ հռոմեական կայսրը մի քրիստոնյայի գցում է առյուծի առաջ՝ հոշոտվելու։ Առյուծը մոտենում է, բայց քրիստոնյան հակվում է ու մի բան ասում նրա ականջին։ Առյուծը կանգ է առնում, լռում ու խաղաղ նայում է նրան։ Մարդիկ զարմանում են։ Երբ հարցնում են, թե ինչ ասաց նա, քրիստոնյան պատասխանում է.
«Ես հիշեցրի նրան, որ երկուսս էլ ծառայում ենք Արարչին, բայց ես՝ սիրով ու ազատ կամքով»։
Այս խորհրդավոր պատկերը մեզ հիշեցնում է, որ երբ սրտումս Տերն է, անգամ վայրենությունը հնազանդվում է։
Քրիստոնյան հալածանքից չի փախչում, որովհետև գիտի, որ խաչն անցողիկ է, իսկ հարությունը՝ հավիտենական։ Աշխարհը կարող է սարսափեցնել նրան, բայց նա ներքին անսասան վստահություն ունի՝ Տերը հետն է։
Խաղաղությունն այստեղ լռություն չէ, այլ վստահություն։ Անհոգությունը՝ ոչ թե փորձության բացակայություն, այլ հոգևոր իմաստությամբ ապրելու պատրաստակամություն։
Հալածանքը դառնում է վկայություն, իսկ ցավը՝ մաքրում։ Քրիստոնյան ապրում է հույսով, ոչ թե հանգստությամբ։ Որովհետև նրա նպատակը այս աշխարհի ապահովությունը չէ, այլ երկնքի ճառագայթը։
Եվ հենց սա է ճշմարիտ ազատությունը՝ սիրել Աստծուն անգամ ցավի միջով։ Քայլել խավարի միջով ու չվախենալ, քանզի «Թեեւ գնամ մահվան ստվերի հովտով, չարից չեմ վախենա, որովհետև Դու ինձ հետ ես» (Սաղմ. 22։4)։
Քրիստոնյան կոչված է չլինել անհոգ, այլ լինել արթուն, հույսով լի և սիրով կրող։
Տեր Հեթում քահանա ԹԱՐՎԵՐԴՅԱՆ